Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ռազմիկ Դավոյանի հիշատակի օրն է

Ռազմիկ Դավոյանի հիշատակի օրն է
11.01.2024 | 17:43

Յոթ տարի անընդմեջ միասին չափչփել ենք մեր երկրի բոլոր լայնություններն ու երկարությունները: Ասմունքի հանրապետական փառատոն կար, որի հանձնախումբը հաճախ էր փոփոխվում, բայց մեր քառյակն անփոփոխ էր. Ռազմիկ Դավոյան, Գուժ Մանուկյան, Սամվել Մուրադյան ու նվաստս: Ինքն էլ չկա, ասել է թե՝ ինչ ուզեմ կարող եմ հնարել: Բայց հիշատակի առթիվ ուզում եմ պատմել նրա երկու թուլության մասին, որոնք, ըստ էության, նրա հզորությունն էին: Առաջինը Մասիսն է: Խենթանալու չափ էր սիրում: Եթե գնում էինք հարավ՝ Վայոց Ձոր, Սյունիք կամ Արցախ, միշտ ճանապարհի նույն հատվածում կանգնեցնում էր մեքենան ու բոլորիս հանում դուրս: Իրեն ներշնչել էր, որ ճամփի այդ հատվածից ամբողջ լեռան վրա երևում է Նոյ նահապետի կերպարանքը: Մատով ցույց էր տալիս.- ահա՛ լուսավոր ճակատը, արծվենի քիթը, բիբլիական բեղ-մորուքը՝ մինչև լեռան ստորոտը: Ինչպե՞ս կարող էի տեսնել այն, ինչ տեսնում էր Ռազմիկ Դավոյանը: Ձևացնում էի, թե տեսնում եմ, որպեսզի խաղաղվի ու շարունակենք ճանապարհը: Մի քանի տարի անց սկսեցի տեսնել. իր էպոսն օգնեց: 2014-15-ին նրա խոսքուզրույցի հիմնական թեման իր ,,Ծովինար,, էպոսն էր, որն արդեն ամփոփում էր: Արցախից վերադառնալիս շարվածքը տվեց ինձ, ասաց, որ ուզում է անպայման կարդամ ու հաջորդ ճամփորդությանը ավելի հանգամանալի զրուցենք: Երկու մղձավանջային գիշեր անցկացրի: Ձայնը միշտ ականջներումս էր: Ոչ թե ես էի կարդում, այլ կարծես ինքը կարդում էր, ես՝ լսում: Կարդում էր որպես վաղնջական ժամանակների պատմիչ, որ Նոյի ու Հայկի հետ ճամփորդել էր ու ճամփի վերջում, խոնջացած, սկսել էր պատմել տեսածն ու զգացածը.

Դառնանք՝ նախ հիշենք Նոյ Նահապետին,

Ում Աստված ընտրեց մարդկային ցեղից,

Նրա որդիներ Սեմին, Հաբեթին՝

Աստըծով փրկված մութ ջրհեղեղից:

Նզովքով հիշենք միջնեկին՝ Քամին,

Քանի որ Նոյը նրան նզովեց.-

Հոր մերկությունը իր եղբայրներին

Պատմելով՝ նրա հարգանքը զոհեց:

Մենք էլ նզովենք Տիտանյան Բելին՝

Իր հորն անարգող էն Քամի ցեղից.-

Եվ օրհնանք ասենք Հայկ Նահապետին՝

Կրտսեր Հաբեթի-Թորգոմա ցեղից:

Հորիզոնները պատառող-անցնող

Նետին հետևենք, լարված աղեղին,

Եվ օրհնանք ասենք անսուտ հիացքով

Նրա ոգեղեն Հայկազյան ցեղին:

Հետևենք նրան և գնանք առաջ.

Նախ հասնենք Արամ աշխարհակալին.-

Չէ՞ որ հներին հասնելու համար

Դեռ պիտի հասնենք Տիգրան արքային…

Թուլություններից մյուսը... կաղամբն էր: Ահա գնում ենք Շիրակ կամ Լոռի ու սկսում են երևալ կաղամբի դաշտերը: Դարձյալ կանգնեցնում է մեքենան, կարոտով խորանում դաշտի մեջ ու գրպանից հանում փոքրիկ դանակը: Իր մանկության եզերքներն են: Ինքը լավ գիտի՝ որ կաղամբը պիտի ընտրի ու որ հատվածը պիտի կտրի՝ հենց դաշտի կենտրոնում ճաշակելու համար: Պատահում էր, որ դաշտում աշխատող մարդիկ էին լինում, զարմացած մոտենում էին ու տեսնելով, որ Դավոյանն է՝ ներողամտաբար ժպտում էին: Լավ գիտեին նրա այդ թուլությունը:

Հետո... մերժվեց ասմունքն էլ, փառատոնն էլ: Շատ բան գլխիվայր շուռ եկավ: Արդեն ավելի շատ հանդիպում էինք թանգարանում: Սովորաբար գալիս էր օրվա վերջին, որ մեր զրույցները խանգարող չլիներ: Իսկ զրույցների թեման արդեն տարիներ առաջ ուրվագծել էր իր երկնած էպոսում.

...Սակայն ո՞վ գիտե, թե ի՞նչ էր տենչում

Չարն իր չարեղեն ուղեղի որջում:

Աստված փակել էր ճամփեքը չարի,

Չարն էլ նենգությամբ իր չար հանճարի

Անվերջ, անդադար դավ էր մտմտում

Իր չարի ծնունդ չարեղեն սրտում...

2022թ.

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 4120

Մեկնաբանություններ